ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ՏՈՆԸ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐ

Տոնական հանդիսություն` Ս. Գր. Նարեկացի եկեղեցու սրահում

Երիտասարդների համար արդեն նվիրական օր է դարձել Ս. Սարգիս զորավարի տոնը, որ նշանավորվում է որպես երիտասարդների օրհնության օր, իսկ Ս. Սարգիսը` որպես հովանավոր սուրբ եւ բարեխոս առ Աստված:

Փետրվարի 3-ին Գուգարաց թեմի Ս. Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում մատուցվեց Պատարագ, որի ավարտին կատարվեց երիտասարդների օրհնություն:

Վանաձորի Ս. Սարգիս եկեղեցում երիտասարդներն արժանացան թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ եպս. Չուլջյանի օրհնությանը: Սրբազան հայրը, շնորհավորելով բոլոր երիտասարդներին այս գեղեցիկ տոնի առթիվ, հորդորեց հավատարիմ մնալ Մայր եկեղեցուն եւ հայրենի ավանդույթներին, տուրք չտալ օտարամուտ վարք ու բարքին: Երիտասարդները, Սրբազան հորից ստանալով օրհնություն եւ համբուրելով Խաչը, Ս. Սարգիս եկեղեցուց ճանապարհվեցին դեպի առաջնորդանիստ Ս. Գր. Նարեկացի եկեղեցի: Եկեղեցու ներքնահարկ սրահում թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը երիտասարդության օրվա առթիվ կազմակերպել էր տոնական հանդիսություն, որին աջակցել էին ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքը, Նկարիչների միությունը, ՎՊՄԻ-ի Արվեստի ամբիոնը, Գեղագիտական կենտրոնը, Գեղարվեստի դպրոցը: Հանդիսության սրահը զարդարված էր Գեղագիտական կենտրոնի երիտասարդ աշխատակիցների, Գեղարվեստի դպրոցի եւ ՎՊՄԻ-ի երիտասարդ նկարիչների աշխատանքներով:

Իր ողջույնի եւ օրհնության խոսքով բացելով հանդիսությունը` ՔԴԿ տնօրեն Տ. Վահան քահանա Ազարյանը շնորհավորանքի խոսքը փոխանցեց հանդիսությանն աջակցած միությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մտավորականներին ու արվեստագետներին: Շնորհավորանքների ու ողջույնի խոսքերը զուգակցվում էին երիտասարդ կատարողների խմբերգային ու անհատական` դաշնամուրային, ջութակի, կիթառի կատարումներով, ասմունքով: Երիտասարդների կողմից դասական երգի, երաժշտության, պոեզիայի ներկայացումները երիտասարդների համար լավագույն նվերն էր այդ օրվա կապակցությամբ` արժեւորված հենց իրենց` երիտասարդների կողմից: Գիտակցությունը, որ եկեղեցական ու արդեն ժողովրդական դարձած, երիտասարդների հովանավոր ու պաշտպան Ս. Սարգիս զորավարի տոնը միավորել է բոլորին` դասախոսներին, ուսանողներին, աշակերտներին, երիտասարդ արվեստագետներին ու մտավորականներին, ուրախալի է եւ հուսադրող: Հուսադրող, որ այլեւս մերը չեն լինի օտարամուտ տոներն ու սովորությունները: